Ս. Թեկղին (Ա դար) ծնունդով Իկոնիայից է և շատերին քրիստոնեական հավատի բերելու համար կոչվել է «առաքելահավասար»: Նա 18 տարեկանում լսել էր Ս. Պողոս առաքյալի քարոզը, դարձի եկել: Որոշել էր չամուսնանալ և իր կյանքը նվիրաբերել Քրիստոսի խոսքը քարոզելուն: Թեկղիի մայրը, զայրանալով աղջկա որոշման վրա, գանահարել և ցանկացել է այրել նրան: Սակայն հորդառատ անձրևը թույլ չի տվել, որ կրակը բորբոքվի: Կույսը մեկնել է Պիսիդյան Անտիոք, որտեղ կրկին հարազատների պահանջով, նետվել է վայրի գազանների առաջ, որոնք չեն վնասել նրան: Ի վերջո նա Կիլիկիայի Սելևկիա քաղաքի մերձակայքի մենաստանում առանձնացել է, նվիրվել Ավետարանի քարոզչությանը, հիվանդներ բժշկել և խնամել, ապրել է 90 տարի: