«Փաստ» օրաթերթը գրում է. «2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, ի հեճուկս առկա վատատեսական սպասումների, Հայաստանի տնտեսությունը սկսեց բարձր աճ գրանցել։ Աճի աղբյուրը սկզբնական շրջանում Հայաստան տեղափոխված ռուսաստանցի ռելոկանտներն էին, որոնք իրենց հետ նաև կապիտալ էին բերում մեր երկիր։ Բայց որոշ ժամանակ անց ռելոկանտները նախընտրեցին հեռանալ, քանի որ Հայաստանում առկա միջավայրը բարենպաստ չէր, վարձակալության գներն արհեստականորեն բարձրացվել էին, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանում իրավիճակը սկսեց բարելավվել։ Ռելոկանտների հեռանալուց հետո Հայաստանի տնտեսությունում բարձր աճը շարունակվեց արդեն վերարտահանման արդյունքում։ Սկզբից զարկ տրվեց արևմտյան ծագման ավտոմեքենաների, տեխնիկայի ու սարքավորումների վերարտահանմանը դեպի Ռուսաստան, սակայն Արևմուտքի կողմից ճնշումների ու պատժամիջոցների սպառնալիքի պատճառով այս ապրանքների վերարտահանման ուղին փակվեց։