Սեպտեմբերի 22-ի արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն և հայտնել, որ իրենց տանից սեպտեմբերի 21-ի ժամը 22։00-ի սահմաններում իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին, որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ դեպք է պատահել, ինչից հետո զանգը ընդհատվել է, մոտ 1 ժամ առաջ վերջինս կրկին կապ է հաստատել իր հետ՝ կցկտուր խոսել և կարծես թե խուսափել է ինչ-որ բանից: Ահազանգողը հավելել է նաև, որ մոտ 15 րոպե առաջ ստացել է հաղորդագրություն իր տղայի հեռախոսահամարից, որտեղ վերջինս նշել է մեքենայի համարանիշը, Էդո անունը և հասցե՝ Արտաշատի ձորեր, որտեղ սեփական փոքր լճեր կան և քարքարոտ ճանապարհ, ինչպես նաև տղամարդը զանգահարել է նաև իր քրոջը և ասել՝ շտապ օգնեն իրեն: