«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները: Ընդհանրապես, 2018 թվականի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում USAID-ի գործունեությունը ՀՀ-ում ավելացել է, իսկ ֆինանսավորումը մեծացել է։ Շատ փորձագետներ նշում են, որ դա ամերիկյան քաղաքականության մի մաս է՝ ՌԴ-ԱՄՆ «սառը պատերազմի» կոնյուկտուրային պայմաններում, և ակնհայտորեն արվում է ՔՊ-ի ու քպամերձ արևմտամետ շրջանակների հակառուսական արտաքին քաղաքական ուղենիշին աջակցելու և հանրության մեջ հակառուսականության դոզան էապես ավելացնելու նպատակով։