«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից գյուղերը փոշու եւ ցեմենտի մեջ են հայտնվելու։ Տուժելու են գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Վեդիում ցեմենտի նոր գործարան կառուցելու ու Կարմիր սարը որպես հանք շահագործելու լուրերը հանգիստ չեն տալիս հարակից գյուղերի բնակիչներին։