«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակն աընդհատ ցույց է տալիս, որ, ուզենք թե չուզենք, Նիկոլ Փաշինյանին ու իր քարոզչամեքենային առնվազն հաջողվել է այնպես ապականել քաղաքական դաշտը, հանրային տրամադրությունները, որ քաղաքական շիզոֆրենիան մեծապես տարածվել է քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Դրա ամենավառ օրինակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում «շեհիդների պուրակ» այցի հետ կապված աղմուկն էր։ Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրականում Պուտինը ծաղիկներ է խոնարհել 1990 թվականին խորհրդային բանակի կողմից սպանված ադրբեջանցիների հիշատակին։ Այստեղ շատ ավելի կարևոր հանգամանք է, որ խոսքը արարողակարգային այցի մասին է։ Ավելին, այդ պուրակ թե՛ նախկինում, թե՛ վերջին տարիներին, ըստ արարողակարգի, այցելել են բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանն իրեն բարեկամ հռչակած Ֆրանսիայի ներկայացուցիչները։