Լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են եղել, որ գործարար Էդգար Ավագյանը, որը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է, Ծաղկաձորում 2021 թվականից կառուցում է «Պալլադա» համալիրը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Ավագյանին պատկանում է ոչ թե ամբողջ համալիրը, այլ դրա բաժնետոմսերի 25 տոկոսը: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործարարը վաճառել է իր բաժնետոմսերը և դուրս եկել այդ բիզնեսից: «Փաստը» կապ հաստատեց Էդգար Ավագյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները և նշեց, որ նման որոշման պատճառներից մեկն այն է, որ անընդհատ շահարկվում է Ալեն Սիմոնյանի անունը: «Այնքան այդ մարդու, այդ ընտանիքի անունը շրջանառեցին, շահարկեցին, որ կորավ հետաքրքրությունս այդ բիզնեսի նկատմամբ, ու վաճառեցի այն», - ասաց Ավագյանը՝ հավելելով, որ ինքն «անհիշելի ժամանակներից» է բիզնեսով զբաղվում, ու չէր կարող Ալեն Սիմոնյանը կապ ունենալ իր բիզնես գործունեության հետ: Կան տեղեկություններ, ինչի մասին ևս լրատվամիջոցները գրել են, որ Ավագյանը սնանկ է ճանաչվել: