«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ: Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները: