Հուլիսի 16-ին Արմավիրի մարզում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարումով: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ` 20-37 0C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլինատոքսին: Այդ պայմաններում հարուցչի աճը և բազմացումը տեղի է ունենում 3-4 օրվա ընթացքում: