Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը․ «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։ Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն