Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։