«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-մայիս ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է: 2024թ. մայիսին ՏԱՑ-ը կազմել է 5.2%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.8 տոկոսային կետով: Արդյունքում հունվար-մայիս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 11.2%: ՏԱՑ-ի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ոսկերչական գործունեության կտրուկ նվազմամբ կամ դադարեցմամբ: Վերջինս էլ իր հերթին սպասելի երևույթ էր, քանի որ ինչպես նշել ենք նախորդ տեղեկանքներում, տնտեսական բարձր աճ ապահովող այդ գործունեության տեսակը իր բնույթով բավական անկայուն է և արտաքին գործոնների փոփոխության արդյունքում կարող է կտրուկ կանգ առնել, ինչը և տեղի է ունեցել մայիսին: