Բացահայտվել են ԻԻՀ քաղաքացու կողմից խարդախության եղանակով բազմաթիվ անձանցից առանձնապես խոշոր չափերով՝ տարբեր արժույթներով ընդհանուր 112.392.966 ՀՀ դրամ գումար հափշտակելու նոր դրվագներ, որոնց վերաբերող քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ԻԻՀ քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան։ Նպատակադրվելով նույն եղանակով Հայաստանի Հանրապետությունում հափշտակություն կատարել՝ մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, անձանց մոտ վստահություն ստեղծելու և մոլորության մեջ գցելու նպատակով, միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։