«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ պաշտոնական հաղորդագրության, հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կուրբան Բայրամի և գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ փոխադարձ շնորհավորանքներից, Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ Էրդողանի ցավակցությունից զատ, հաղորդագրության մեջ ուշագրավ է նաև այս հատվածը. «Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ»։ Միանգամից աչք է ծակում ո՛չ միայն Էրդողանի տոնայնության մեղմացումը, այլև «առանց որևէ նախապայմանի» ձևակերպումը: