Շարունակելով ներկայացնել «հետհեղափոխական» Հայաստանի իրականությունը պետք է նշել, որ ներկայիս իշխանությունների ոչ կոմպետենտության և անսկզբունքայնության հետևանքով տեղ գտած ձախողումների համար պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն իշխանությունները, այլև ընտրությունների ժամանակ այդ իշխանություններին կողմ քվեարկած քաղաքացիները։ Այդպես ժողովրդավարական վարչակարգում, ուր իշխանությունը պատկանում է ժողովրդին, քաղաքացիները պարտավորվում են ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլև հետևել կողմ քվեարկած իշխանական ուժի նախընտրական խոստումների իրականացմանը, իսկ իրականացման ձախողման դեպքում պահանջեն պատասխանատվության ենթարկել այդ իշխանական ուժին։ Սակայն եթե իշխանությունների անսկզբունքայնության դեպքում բացակայում է ժողովրդի կողմից պատասխանատվության ենթարկելու պահանջը, ապա ինքնին այդ ժողովուրդը հանդես է գալիս անսկզբունքայնության պաշտպանության դիրքում, ինչը, որպես կանոն, բնորոշ է ամբոխին և հանգեցնում է օխլոկրատական վարչակարգի տարածմանը։