«Փաստ» օրաթերթը գրում է. Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ողջ ընթացքում ահռելի դեր է ունեցել հայ ժողովրդի կյանքում՝ իրացնելով հայապահպան կարևորագույն գործառույթ և ծավալելով քաղաքական, տնտեսական, ինչպես նաև մշակութային հսկայական գործունեություն։ Վերջին 1700 տարվա պատմության ընթացքում Հայաստանը քանիցս պետականություն չի ունեցել, և հենց Եկեղեցին է կազմակերպել ու իրականացրել կառավարումը, ֆինանսների տնօրինումը, մշակույթի, գրականության պահպանումը, կրոնի տարածումը։ Եկեղեցու դերը հատկապես ահռելի է Սփյուռքի գաղթօջախներում, որոնք տասնամյակներ շարունակ Եկեղեցու շուրջ են հավաքված եղել և այսօր էլ կան, չհաշված, որ հենց Եկեղեցու միջոցով է բարեգործական, մշակութային, լեզվապահպանման գործ իրականացվել։