Ս. Անտոնինոսը բնակվել է Ալեքսանդրիայում: Չկամենալով զոհ մատուցել կուռքերին, ենթարկվել է ամենադաժան տանջանքների և ապա՝ այրվել կրակի վրա: Նիկոմիդացի երկու ազնվականներ Անիքտոսը և նրա եղբորորդի Փոտինոսը, ներկա լինելով Դիոկղետանիոսի քրիստոնյաների դեմ հալածանքներ սկսելու հրովարտակի ընթերցմանը, աներկյուղ դուրս են գալիս ամբոխից ու կայսեր առաջ բարձրաձայն խոստովանում իրենց հավատը՝ քարոզելով նրա զորությունը: Երեք տարվա բանտարկությունից ու ծանր տանջանքներից հետո, կրկին հավատարիմ իրենց հավատին, երանելի սրբերը ողջակիզվում են այլ նահատակների հետ միասին: