«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության որոշ պատգամավորներ ավելի հաջողակ կլինեին, եթե ուրախների ու հնարամիտների ակումբի (ՈՒՀԱ) կուսակցական թիմ ստեղծեին ու ելույթներ ունենային՝ բնականաբար, իրենց թիմի ավագ ունենալով Նիկոլ Վովաևիչին։ Նրանց «հանճարեղ» վերլուծությունները՝ կապված Հայ առաքելական եկեղեցի – ՔՊ հարաբերությունների հետ, որը փորձում են ներկայացնել որպես Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոս – ՔՊ կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ծիրում, եթե ներկայացվեին ՈՒՀԱ շրջանակներում, ապա անկեղծ ուրախության զգացումներ ու դրական լիցքեր կհաղորդեին հայ հասարակությանը, մանավանդ, եթե այդ ելույթները տեղի ունենային 2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՈւՀԱ միջազգային օրը: Բայց քանի որ նման հայտարարություններն արվում են հիմա՝ ցավից ոռնացող Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից ու, կարծես, ամենայն լրջությամբ, ապա այդ ելույթները, բնականաբար, նրբանկատ ու նրբազգաց հայորդու մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում հանդեպ ելույթ ունեցողի, նրանց կողմնակիցների ու նրանց ծափահարողների։ Հոգևորականներին հեգնանքով «տերտերներ» անվանելով ու տարբեր թաքնված հնարքներով փորձեր են արվում հեղինակազրկել հոգևորականությանն ու Եկեղեցուն։