Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը «Այսօր` հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում եւ հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետեւանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։ Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում։ Ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման եւ ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը «սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ», որովհետև «96-ին ինտերնետ չի եղել, … էլ. փոստ չի եղել, սոցցանցեր չեն եղել», եւ «հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին»։ Այնուհետեւ Փաշինյանը «բացատրել» է, որ դեռ 1996-ից ի վեր Հայաստանի «կղերաֆեոդալական էլիտան», որի մեջ նա ակնհայտորեն տեղավորել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, «…Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով», «…Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է՝ իշխանությունը զավթելու և պահելու համար…»։ Զարգացնելով այս «հայեցակարգը»` Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը «…ոչ թե կղերաֆեոդալական խաբեությանը դիմադրելու չհաջողված փորձ էր, այլ կղերաֆեոդալական խաբեության մի անբաժանելի մաս», ըստ էության մեղադրելով Տեր-Պետրոսյանին Լեռնային Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահելու նպատակով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ: Փաշինյանը Տեր-Պետրոսյանին եւ Հայ Ազգային Կոնգրեսին մեղադրել է նաեւ 2020 թվականից ի վեր «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածի դրույթներից հրաժարվելու, ըստ էության՝ սեփական սկզբունքներին դավաճանելու մեջ։ Այս ամենի կապակցությամբ հայտարարում ենք․ Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետեւյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որեւէ որոշում չի ընդունել, որովհետեւ Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, եւ ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որեւէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ; Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը, որում որեւէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Սրա մասին Փաշինյանը նույնպես համառորեն լռում է։ Կարեւոր է հատկապես նշել, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։ Այն մերժվել ԼՂՀ իշխանությունների կողմից; Փաշինյանը ստում է այն մասին, որ ԵԱՀԿ-ի գործող նախագահողի հայտարարությունը իբր թե հասանելի չի եղել հայկական հանրության համար։ Իրականում հայտարարությունը, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի պատասխանը, որը նույնպես դարձել է ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերի մաս, 1996-ին հրապարակվել եւ լայնորեն քննարկվել է Հայաստանի լրատվական միջավայրում։ Այն, որ վեց տարի շարունակ պաշտոնապես պատասխանատվություն կրելով Հայոց պետականության համար ճակատագրական նշանակություն ունեցող Ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, նիկոլական շրջապատում եւ ՔՊ-ական պատգամավորների միջավայրում դրան ծանոթ չեն եղել, ինչպես դա ցուցադրեց Փաշինյանը, ընդամենը վկայում է Փաշինյանի եւ նրա կուսակիցների տգիտության եւ անպատասխանատվության մասին; Նույնքան ստահոդ են նաեւ «Պատե