Հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի զանգվածային ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ թվում՝ առանց նախապես պատշաճ զգուշացնելու հատուկ միջոցների, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում տասնյակ խաղաղ ցուցարարների թվում լուրջ վիրավորումներ են ստացել նաև Զանգվածային լրատվության միջոցների (ԶԼՄ) մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ՝ լրագրողներ և օպերատորներ։ Տեղի ունեցածը պատկերող բազմաթիվ տեսանյութերում ու լուսանկարներում հստակորեն երևում է, որ լուսաձայնային նռնակներն ուղղորդված նետվում են այդ թվում այն ուղղություններով, որտեղ կենտրոնացած են մեծ թվով օպերատորներ և լրագրողներ, ինչը ողջամիտ կասկած է հարուցում, որ ոստիկանությունը, ըստ ամենայնի, քաղաքական իշխանության հրահանգով թիրախավորել է լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոպտորեն խախտելով զանգվածային միջոցառումների ընթացքում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող մամուլի ներկայացուցիչների անխափան գործունեությունն ապահովելու և հատուկ միջոցների կիրառման ժամանակ տարբերակված մոտեցում ցուցաբերելու՝ իրավապահ մարմինների՝ ներպետական օրենսդրությամբ և միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով ամրագրված նորմերը։