Ոստիկանության գործողություններն ակնհայտ վախի դրեւորում են, բայց բավական է, որ ասենք՝ դա վախի դրսեւորում է, ոստիկանության հետ կոնկրետ պետք է աշխատել, կոնկրետ կառույցներ պետք է աշխատեն, որովհետեւ ոստիկանը նույնպես ՀՀ քաղաքացի է եւ պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա եւ կանգնի ժողովրդի ոկղքին: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Իրենց պուճուրիկ հրամանատարները, որոնք կատարում են Նիկոլի պուճուրիկ հրահանգները, պետք է ի վերջո, սթափվեն եւ հասկանան, որ այս երկրի քաղաքացին են իրենք: Ժամն օրհասական է: Այն 96 ժամը, որոնց մասին Բագրատ Սրբազանը խոսեց, շատ կարեւոր է: Մենք հիմա կամ պետք է հեռացնենք սրանց, կամ իրենք թուրքերի ձեռամբ կոտորելու են ամբողջ Հայաստանն ու հայ ժողովրդին: Երբ 96 ժամ հետո մենք կունենանք այդ հաղթանակը, ես կուզենամ, որ եւ ոստիկանները, եւ բոլորը, չամաչեն, որ իրենք ժողովրդի հետ չէին: Կամ հիմա, կամ այլեւս երբեք»,-ասաց նա: Անդրադառնալով 2018-ի թավշյա հեղափոխությանը, Մարգարիտ Եսայանն ասաց. «Իրականում դա մահասփյուռ իրադարձություն էր, ինքը բոլոր սիմվոլիկաներով 2018-ից սկսած մահ էր բերում երկիր: Մենք դա այն ժամանակ չէինք հասկանում: Դա Արցախը կորցնելու, Հայաստանը կորցնելու հեղափոխություն էր»: