Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին: