Մոսկվայում ընթացող Միջազգային ռուս-հայկական «Լազարյան ակումբի» 6-րդ նիստում ելույթ է ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Ստորև ներկայացնում ենք ելույթը. «Հայ-ռուսական հարաբերությունների ավանդական, պատմական կամ բնական հիմքի մասին այս անգամ չեմ խոսի, ոչ թե նրա համար, որ դրանք այդպիսինը չեն, կամ ինչ-որ բան է փոխվել, այլ, որ այստեղ գտնվող անձինք միանշանակ դրա մասին գիտեն: Առանձնապես երկար չեմ ուզում խոսել նաև ներկայումս Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձևավորված պատի մասին, որովհետև դրա մասին անընդհատ արձանագրումներ արվում են, բայց իրավիճակը ոչ միայն դրական ուղղությամբ չի շարժվում, այլ աստիճանաբար կայուն անկման դաշտ է մտնում: Այն, ինչ հնչում է Հայաստանից և, ի դեպ, որոշ դեպքերում՝ նաև ՌԴ-ից, կապ չունի՝ դրանք փորձագիտակա՞ն, թե՞ քաղաքական հանրությունից է հնչում, քանդված հարաբերությունները վերանորոգելու, վերակառուցելու փոխարեն՝ պարզապես արմատախիլ են անում եղածն ու ապագայի հույսերը: