«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին կրկին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց։ Գյուղի մուտքի մոտ մի քանի շարքով ոստիկանական պատեր են՝ հակագազերով եւ գազաբալոններով զինված ոստիկաններով։ «Վերադարձել եմ՝ տեսնելու ինչպե՞ս են այս մարդիկ իրենց զգում, ի՞նչ վիճակում են, որովհետեւ իրենց կյանքը խաթարված է»,- ասաց Բագրատ սրբազանը՝ հեգնելով՝ գյուղից-գյուղ պետք է անձնագրերով երթեւեկենք հավանաբար։ «Այս տղաներից բոլորին գրեթե, եթե չասեմ մեծ մասին, ամեն օր հանդիպել ենք, այս մարդիկ բարի ծառայություն իրականացնող մարդիկ են։ Նրանց գործիք են դարձրել»,- ասաց սրբազանը՝ նկատի ունենալով ոստիկաններին։ Բագրատ սրբազանը նաեւ հավաքվածներին հորդորեց՝ զսպել կրքերը եւ ոստիկաններին չվիրավորել։