Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման: