Մի խումբ քաղաքացիներ AntiFake.am–ի խմբագրակազմի հետ միասին բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ` ի աջակցություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի, որոնք արդեն 47 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը հանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին սուր բառապաշարով քննադատության ենթարկելու համար: Ակցիայի մասնակիցները «Where is Democracy», «Free all Political Prisoners», «Sick of Double Standards» գրություններով պաստառներ են պարզել։ Ակցիայի մասնակից Դավիթ Ֆիդանյանն իր խոսքում նշել է, որ դեսպան Քրիստինա Քվինը չի արձագանքել քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակին: Ֆիդանյանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Crazy Son of bitch» էր անվանել ՌԴ նախագահ Պուտինին, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ոչ պակաս սուր բառապաշար է օգտագործել իր ընդդիմախոսների նկատմամբ` «Dumb Son of Bitch», «Sleeping Son of Bitch» և այլն: «Տիկին դեսպան, եթե փաշինյանական ռեժիմի տրամաբանությամբ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, ովքեր ընդամենը փոդքասթի շրջանակներում քննադատել են երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող պատուհասի քաղաքականությունը, խուլիգաններ են, արդյո՞ք ԱՄՆ նախագահները նույնպես խուլիգաններ են: Եթե ոչ, ապա ինչու՞ եք Դուք շարունակում լռել ռեժիմի կողմից քաղաքական բռնաճնշումների դեպքերի մասին»,- նշել է Ֆիդանյանը: