«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԱԺ ամբիոնից․ «Սիրելի հայրենակիցներ, Տիկին Վարդապետյան, Դատախազական համակարգի վստայության հիմնական աղբյուրը անկախությունն է։ Նախանձելի վստահությամբ, ուղերձում նշում եք արձանագրված ձեռքբերումների և շոշափելի արդյունքների մասին, համոզումով, թե պայքարել եք հանուն հանրային բարիքի և օրենքի գերակայության։ Սա թղթի վրա, իսկ իրականում, հայտարաված արժեքներն ու իրականությունը միմյանց հետ աղերս չունեն։ Դուք, իհարկե, փորձում եք վարչապետից անկախ գլխավոր դատախազի իմիջ ստեղծել, բայց հենց դուք եք ի սկզբանե կասկածի տակ դրել ձեր անկախությունը՝ ստանձնելով վարչապետի հանձնակատարի առաքելություն։ Դատեք ինքներդ, կարելի է արդյոք հավակնել ինքնուրույն, քաղաքական կողմնակալությունից զերծ գլխավոր դատախազի կերպարի, երբ Կառավարության նիստում, դիմելով վարչապետին, արտասանում եք՝ «Մեծարգո վարչեպետ, ես այդ գործով ձեզ զեկուցել եմ» հակասահմանադրական արտահայտությունը։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձից, ով վարչապետի խորհրդականի կարգավիճակում իրեն թույլ էր տալիս՝ քննության գաղտնիության պահանջների կոպիտ խախտումով, միջամտել հատկապես կարևոր գործերով քննիչների գործունեությանը՝ ընդհուպ խմբագրելով դատավարական փաստաթղթերը։ Ակնհայտ է՝ այսպիսի խոցելի մեկնարկային դիրքով հնարավոր չէ անաչառ և սկզբունքային դատախազ լինել։ Գուցե այս պատկերն ու տխուր հետևանքները չունենայինք, եթե գոնե ժողովրդավարության պատրանք ստեղծելու նկատառումով վարչապետի անմիջական խորհրդականը չառաջադրվեր գլխավոր դատախազի պաշտոնում։ Ավելի քան ակնհայտ է, որ ձեր նշանակումը հաշվարկված քայլ է՝ կառուցված ձեր քաղաքական կողմնակալության ու թիմային շահերը սպասարկելու պատրաստակամության վրա, ինչը խանգարում է ձեզ գոնե մասամբ կանխել Հայաստանի հեղինակությունը վարկաբեկող բացահայտ քաղաքական հետապնդումները, կախյալ դատական համակարգը, ոստիկանության խոշտանգումներն ու բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները, ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները, վարչական ռեսուրսի ցինիկ չարաշահումը։ Սրանք բոլորը հանցակազմ նկարագրող սահմանումներ են՝ արձանագրված միջազգային վերջին զեկույցներում, որոնց համաձայն դատական համակարգի անկախությունը 7-ից 2.75 է գհատվել, իսկ քրեական և քաղաքացիական գործընթացների անկախության ապահովումը հնարավոր չորսից՝ մեկ: Դուք փորձում էիք դատական վիճակագրության ընտրանքային և հատվածական մեկնաբանությամբ՝ արդյունավետ աշխատանքի պատրանք ստեղծել, սակայն այդ վիճակագրության մի զգալի հատված որևէ առնչություն չունի ձեր սահմանադրական լիազորությունների և անմիջական գործառույթների հետ։ Իսկ ահա ձեր հաղորդման մեջ Արմեն Աշոտյանի գործով բացահայտ սուտ տեղեկությունների զետեղումը թույլ է տալիս բարձրաձայնել ձեր աշխատակազմի ոչ կոմպետենտության և քաղաքական կախվածության մասին։ Ձեր սահմանադրական գերակա խնդիրներից մեկը երկրում ամենաթողության վերածված հարկադրանքի միջոցների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելն է։ Դարձյալ արձանագրենք այն խայտառակ փաստը, որ կալանավորվածների 50 տոկոսից պակասն է հետագայում ձերբակալվում: Գերծանրաբեռնված բանտերում մարդիկ տարիներով իրենց դատական վճիռներին են սպասում։ Կալանավորման ֆետիշացումը, քաղաքացու ճակատագիրն ու իրավունքը, մեր միջազգային պարտականությունները ձեզ չեն՞ մտահոգում: