Մայիսի 3-ն աշխարհում նշվում է՝ որպես Մամուլի ազատության միջազգային օր Տևական ժամանակ է, սակայն, Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում դարձել է ոչ թե լրագրողների մասնագիտական տոնը շնորհավորելու, այլ երկրում մամուլի ու խոսքի ազատության դեմ ահագնացող ոտնձգությունների մասին հիշատակելու առիթ։ Լրագրողների, զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների դեմ իշխանությունը ներկայացնող անձանց կողմից ճնշումներն ու իրավապահ մարմինների կողմից կատարվող բռնությունները, ցավոք, սովորական երևույթ են դարձել հայկական մամուլի համար։ Դրանց համակարգված բնույթը, լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների անպատժելիությունը հիմնավոր կասկած են հարուցում, որ մամուլի դեմ բռնաճնշումները տեղի են ունենում քաղաքական իշխանության թողտվությամբ, հովանավորությամբ, իսկ երբեմն՝ նաև ուղղակի ցուցումով։