1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom Day): Թերևս ավելորդ է խոսել յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման և առհասարակ որպես պետություն կայացման համատեքստում մամուլի դերի մասին: Մամուլի ազատությունը յուրաքանչյուր երկրի ժողովրդավարացման կարևորագույն ցուցիչներից է: Պատահական չէ, որ ամեն տարի տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցներ իրենց ուշադրության տակ են պահում աշխարհի երկրներում մամուլի ազատության վերաբերյալ խնդիրները: Հայաստանում Մամուլի ազատության համատեքստում, ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, բոլոր ժամանակներում օբյեկտիվորեն եղել են որոշակի խնդիրներ: Մամուլի ազատության ասպեկտում այսօր էլ բազմաթիվ խորքային խնդիրներ են առկա: Ընդ որում, այսօր պետք է շեշտել, որ ի տարբերություն այլ շրջափուլերի, 2018թ. սկսած մամուլի դեմ հալածքները, լրագրողների, մեդիադեմքերի նկատմամբ բռնաճնշումներն ուղղակիորեն ունեն սիստեմատիկ բնույթ և ուղղորդվում են քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից: