ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։ Ասված է կառույցի հայտարարության մեջ․ «Ադրբեջանի անհիմն տարածքային պահանջները, այդ թվում՝ Հայաստանի Տավուշի մարզի և, այսպես կոչված, «անկլավների» նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապի վերաբերյալ, բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանը, հրաժարվելով դուրս բերել իր զինված ուժերը 2021թ. ի վեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառ․ կմ տարածքից, ճնշում է գործադրում Հայաստանի Հանրապետության վրա՝ իր վերահսկողության տակ առնելու ՀՀ Տավուշի մարզի ռազմավարական տարածքները։ Այսպիսով` Ադրբեջանը «սահմանազատման և սահմանագծման» քողի տակ իրականացնում է հողազավթում, ինչն էլ ավելի կխորացնի Հայաստանի խոցելիությունը։