Արցախի նախկին պետնախարար, Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել խոսել ընտանիքի հետ, նրանք խնդրել են դադարեցնել հացադուլը: Այդ մասին հայտնում են Վարդանյանի գրասենյակի մամուլի ծառայությունից․ «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ: Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի նկատմամբ ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։