«Փաստ» օրաթերթը գրում է. Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել այդ առումով: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, քիչ է ասել, թե ծանր տպավորություն թողեց: Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության առնվազն 90 տոկոսը ձեզ տեսնելիս կոշտ արձագանք է տալու, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նման այլ բացականչություններով է դիմավորելու, առավել ևս, որ հենց հիմա հանձնողականության հերթական փուլն եք կյանքի կոչում, պետք է որ խուսափեք նման մարդաշատ վայրերում զավակների հետ հայտնվելուց: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե տեսնելով, որ երեխա կա, մարդիկ ավելի զուսպ կարող էին լինել: Այլ պայմաններում նրանք, գուցե, իրավացի լինեին: Բայց այսօր ո՛չ «այլ պայմաններ» են, ո՛չ էլ, առավել ևս, սովորական վիճակ է: