Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 2024թ. ապրիլի 19-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ուժի սպառնալիքի ներքո շարունակում են իրենց կապիտուլյանտական քաղաքականությունը, որը հարցական տակ է դնում մեր երկրի անվտանգությունը և բուն գոյությունը։ Ըստ այդ պայմանավորվածության, Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի սահմանազատումն Ադրբեջանի հետ համարվելու է վերջանական՝ անկախ ամբողջ սահմանի հետագա սահմանազատման գործընթացի ավարտից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի տիրապետության տակ են անցնելու ստարատեգիական կարևորություն ունեցող տարածքներ, որոնք ներկայումս գտնվում են ՀՀ Զինված Ուժերի վերահսկողության ներքո: Այդ չորս գյուղերի հատվածում մեր զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են ադրբեջանական սահմանապահ զորքերին: Բացի այդ, ադրբեջանական վերահսկողության տակ են անցնելու տեղի բնակչության համար կենսական ենթակառուցվածքները։ Հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները այս միակողմանի զիջմանն են գնում այն պարագայում, երբ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներից։