Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով Բաքվի բանտում երկու շաբաթից ավելի է՝ հացադուլ է հայտարարել՝ բոլոր գերեվարվածներին ազատ արձակելու պահանջով, այս ընթացքում առաջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ։ Հարազատների հետ հեռախոսով խոսել Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական իշխանությունները թույլատրել են նրա ընտանիքի կողմից հացադուլի մասին միջազգային հանրությանն ահազանգելուց հետո։ Տեղեկությունը հայտնել է Բաքվում ապօրինաբար գերության մեջ պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այս ամբողջ ընթացքում գտնվել է լիակատար մեկուսացման մեջ, նրան նույնիսկ թույլ չեն տվել ընթերցանությամբ զբաղվել։ Չափել են միայն զարկերակային ճնշումը, ոչ մի այլ բժշկական օգնություն չեն ցուցաբերել։