«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։ Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։