«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական թիմում իրենց վարկանիշը բարձրացնելու, ժողովրդի աչքը մտնելու համար պատրաստ են անգամ հետողորմյա անել սեփական որոշումները եւ ընդդիմության նախաձեռնություններն իրենց վրա քաշել։ Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։