Հայ Ազգային Կոնգրեսը Սամվել Վարդանյանին բռնության ենթարկելու դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «Երեւան, 2024, ապրիլի 17 ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այս վերջին գործողությունը, մարդու երեսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու ամոթալի պատմությունը, քաղաքական հակառակորդներին բռնաճնշումներով եւ ապօրինի քրեական հետապնդումներով լռեցնելու վերջերս հաստատված պրակտիկան, նույն մեթոդներով ՏԻՄ մարմիններում ընդդիմության կողմից ձեւավորված իշխանության յուրացումը ցույց են տալիս Հայաստանի ներկա իշխանությունների բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների եւ արժանապատվության, խոսքի ազատության եւ ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ։ Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։