«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Ոստիկաններն իրենց մասնագիտական օրով «փայլեցին» բռնարարքներով. ՔՊ պատգամավորին վիրավորած քաղաքացին ոչ միայն ձերբակալվեց, այլեւ, պահման վայր ուղեկցելու ճանապարհին, նրան դիմակավորվածները դաժան ծեծի ենթարկեցին, նսեմացրին, խոշտանգեցին: Ալեն Սիմոնյանին կարելի է թքել ու մնալ անպատիժ, իսկ ընդդիմադիր քաղաքացուն ազատազրկում են, ապա ծեծում սեփական կարծիքի արտահայտման համար։ Երեկ ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ եղած միջադեպը կրկին բորբոքել է իշխանական կրքերը։ Միջադեպից անմիջապես հետո Հակոբ Ասլանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ քաղաքացու դեմ բողոք չի ներկայացնի, սակայն քաղաքական որոշման արդյունքում նա բողոք գրեց ոստիկանությունում: Մինչդեռ քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա թքած Ալեն Սիմոնյանը, եւ ուղիղ եթերում օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածուի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Արթուր Հովհաննիսյանը, որ խուլիգանություններ են դրսեւորել, նախօրեին խրոխտ դատապարտեցին քաղաքացու այդ քայլը։