AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են «փնտրում» կորած ՄԻՊ-ին: Նրանցից մեկը ՄԻՊ-ին «փնտրում է» լոգասենյակում, մյուսը` սառնարանի մեջ, երրորդը` փողոցում` խոտերի մեջ, մեկ այլ օգտատեր ՄԻՊ-ին փորձել է գտնել աղբամանի մեջ, մյուսը` բուխարու ծխնելույզում… Կորած ՄԻՊ-ին առայժմ գտնել չի հաջողվում: Հիշեցնենք` երեկ` ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ա հասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։