ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ «Հայաստանի Հանրապետությունում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Հակառակ իշխանության փորձերի, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արձանագրում են Հայաստանում ժողովրդավարության անկումը՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, ընդդիմադիր համայնքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով: Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները: Թեև Հայաստանի օրենսդրությունը կալանքը դիտում է որպես խափանման ծայրահեղ միջոց և նախապատվություն է տալիս խափանման այլընտրանքային միջոցներին, կալանքը մնում է ամենատարածված պրակտիկան և կիրառվում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ։