Ժամանակին շատ տարածված մի արտահայտություն կար՝ «մարած աբլիգացիա»: Չէ, ֆինանսաբանկային առումով հիմա էլ դա շատ արդիական է՝ հենց «պարտատոմսերի մարում» իմաստով, սակայն տվյալ դեպքում խոսքը քաղաքական իմաստ ունի: Ընդ որում, սա ևս այսօր շատ արդիական է ու անթերի բնորոշում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը: Թե ինչու, փորձենք հասկանալ ըստ հերթականության: Նախ՝ սրա մասին վկայում էր ԱԺ-ում Փաշինյանի երեկվա ելույթը, որը կարելի է համարել վերջին շրջանի նրա հայտարարությունների յուրատեսակ «ժողովածու»՝ սկսած «պատմական Հայաստանի» ու «իրական Հայաստանի» անհամատեղելիության մասին վտանգավորագույն, հակահայկական թեզից մինչև մեղքը բոլորի «գրպանը գցելը»: Վերջինիս դեպքում՝ մի տարբերությամբ, որ ակնհայտորեն մեղսակից դարձրեց «հպարտ քաղաքացիներին»՝ մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ մի քանի անգամ քվե եք տվել, ուրեմն, համաձայն եք այն ամենի հետ, ինչ անում եմ... Երկրորդ՝ հատկապես վերջին շրջանում նրա գրեթե բոլոր նախաձեռնությունները արժանանում են բուռն դիմադրության, ու որքան էլ նա խոսի «վստահության», «ընտրվածության» և այլնի մասին, ակնհայտ է, որ մեր հասարակության մեծամասնությունը կտրուկ դեմ է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նրա նախաձեռնություններին ու ոչ հայանպաստ քայլերին: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլև կոնկրետ օրինակները, ի մասնավորի՝ Տավուշի մարզից տարածքներ զիջելու Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պատրաստակամությունը: Հիմա՝ մի փոքր մանրամասն: