«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականից հետո արդեն կոռուպցիոն հնարամտություններով հայտնի իշխանությունը կարծես կարգախոս է որդեգրել՝ ունենալ հնարավորինս շատ ՊՈԱԿ-ներ՝ Պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ների շարան ստեղծած իշխանությունը չի հապաղել եւ 2021 թվականին շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ մի ՊՈԱԿ է հիմնել։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնվել է Ռոմանոս Պետրոսյանի նախարարության օրոք։ Այն ժամանակ նախկին նախարարի օրոք ասվում էր. «Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին եւ բնապահպանությամբ իրապես մտահոգ շրջանակներն։ ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված»։ Գուցե դարձել է նոր ու հզոր կարողություններով օժտված կառույց, սակայն հարց է, թե ո՞վ է տեղյակ այս կառույցի մասին։ 2024 թվականի հունվարի 18-ին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը դրամաշնորհ է ստացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, որը կազմել է 250 մլն 950 հազար դրամ։