Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարություն է տարածել․ «Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը: Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7): Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ: