«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2024 թվականի մարտի 20-ին պայմանագիր է կնքել «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի հետ շենքերի մաքրման ծառայությունների համար։ Պայմանագրի արժեքը կազմել է 4 մլն 641 հազար դրամ, եւ այս ծառայությունը ձեռք է բերվել հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը մինչ 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին. այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը: Ըստ պայմանագրի՝ նախատեսված է մաքրել 1,495 քմ տարածք։ Մաքրման ենթակա տարածքն իր մեջ ներառում է 160 աշխատանքային տարածք, ըստ երեւույթին՝ աշխատասենյակներ, 3 նիստերի դահլիճ, 1 պահեստի/արխիվի տարածք, 3 սերվերային տարածք, 2 մուտքի/սրահի տարածք, 18 սանհանգույց։