Այսօր՝ ապրիլի 6-ին Կինոմոսկվայի հրապարակում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հանրահավաքի ժամանակ AntiFake.am-ի լրագրող, պատմաբան Դավիթ Ֆիդանյանը հանդես եկավ ելույթով, որի ժամանակ խոսեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումների մասին, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության վերաբերյալ և փաշինյանական վարչախմբի՝ աղետաբեր քաղաքականության մասին։ «Սիրելի հայրենակիցներ՝ քաղաքական պայքարի գաղափարական ընկերներ՝ բանտերում թե ազատության մեջ։ Այսօր մենք տեսնում ենք, որ գործող վարչախումբը շարունակում է Հայաստանի բանտերը լցնել քաղաքական բանտարկյալներով։ Բազմաթիվ մարդիկ այսօր կալանավորված են իրենց հանրային խոսքի, քաղաքական կարծիքի և դիրքորոշման համար։ Ամենաթարմ, ամենավերջին և ամենախայտառակ դեպքերից մեկը դա Antifake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ քաղբանտարկյալ՝ Նարեկ Սամսոնյանի և Իմնեմնիմի փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խայտառակ կալանավորումն է։ Այսօր փաստացի փաշինյանական իշխանության օրոք մարդկանց կարող են կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված քննադատական մտքերի համար։ Սիրելի հայրենակիցներ այնուամենայնիվ պետք է փաստել, որ գործող վարչախմբի նպատակը այն է վախի մթնոլորտ սերմանել և տորպեդահարել Իմնեմնիմի փոդքասթի ընթացքը՝ լիովին ձախողվել է։ Իշխող ուժը պետք է ականջին օղ անի։ Որքան բռնեք այնքան շատանալու ենք, որքան փորձեք վախեցնել, այնքան մեր շարքերը ավելի կուռ են դառնալու։ Այսօր Հայաստանում փաշինյանական իշխանության կողմից իրականացվող քաղաքական տեռորը և վախի մթնոլորտի սերմանումը ուղղակիորեն ապարդյուն է։ Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է Հայաստանի Հանրապետության տերը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ հնարավոր չէ խոսել քաղաքական տեռորի տերմինաբանությամբ և գործիքակազմով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ հնարավոր չէ վախեցնել իր սեփական քաղաքական մտքի և դիրքորոշման համար։ Սիրելի հայրենակիցներ ինչպես նշվեց բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ են գտնվում։ Հետևաբար մեզանից յուրաքանչյուրը պոտենցիալ քաղաքական բանտարկյալ է։ Մեզանից յուրաքանչյուրը՝ քաղբանտարկյալ է քանի դեռ Հայաստանի Հանրապետության բանտերում առկա է գեթ մեկ քաղբանտարկյալ։