Եվս 2 պատկերավոր քարտեզ, որոնք ցույց են տալիս, թե ի՞նչ է սպասվում Տավուշի մարզի բնակավայրերին և հանրապետական, միջպետական նշանակության ենթակառուցվածքներին` 4+4 տարբերակով (Ադրբեջանի հետ սահմանագիծ ունեցող 4 գյուղերն առաջին փուլով և, այսպես կոչված, 4 անկլավները 2-րդ փուլով) հանձնելու դեպքում: Առաջին քարտեզում Ադրբեջանի հռչակած Սոֆուլու և Բարխուդարլու բնակավայրերն են, որոնք ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մեր համայնքների մաս են կազմում և հատում են (փակում) Իջևանից դեպի Ազատամուտ-Կայան-Վազաշեն-Բերդ գնացող ճանապարհը: Այլընտրանքային համարվող Ճամբարակ-Բերդ ճանապարհը չնայած հիմնանորոգվում է, սակայն ռելիեֆի, կլիմայի առումով խնդրահարույց է, իսկ դրա մի քանի հատվածները շատ մոտ են առաջնագծին և տարբեր ժամանակներում Ադրբեջանը ճանապարհի որոշ հատվածներ կրակի տակ է առել: