«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փետրվարի վերջին կրեմլյան աղբյուրներից տեղեկություն տարածվեց, թե մարտի 1-ից Ռուսաստանը դադարեցնելու է բենզինի արտահանումներն այլ երկրներ։ Պատճառը բենզինի արտադրության ծավալների նվազումն է՝ ուկրաինական զինուժի կողմից որոշ նավթամշակման գործարանների ռմբակոծումների հետ կապված։ Բացառություն կարվի ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաեւ Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա եւ Հարավային Օսիա մատակարարումների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ շուտով Հայաստանում կարող է դեֆիցիտ առաջանալ, ու վառելիքի գները կարող են թանկանալ։ Բենզին ներմուծողներն առայժմ փոփոխություններ չեն նկատել։ «Ռան Օյլ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ բենզինի թանկացման մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, իսկ եթե լինի, իրենք հայտարարություն կանեն։