Գաղտնիք չէ, որ մենք արդեն երկար տարիներ ապրում ենք արհավիրքի պայմաններում, եւ գաղտնիք չէ, որ դրա պատճառը մեկ մարդ է: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «2018-ից տարբեր հավելվածներով եւ հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը, պարզվում է, որ այդ հաղորդագրություններն ու հավելվածները օգտագործելու էր նաեւ հետագայում: Իհարկե, առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական կամ անվտանգային ղեկավար կազմը շփվում է «վոթսափով», մի հատ էլ էդ մակարդակի է շփվում,մի հատ էլ շփվելուց հետո դա հրապարակայնացնում է կողմերից մեկը: Կարծում եմ՝ էս դահլիճում որոշներն էլ հիանալի գիտեն այդ հաղորդագրություններից եւ պատկերացնում են մոտավորապես, թե դրանք ինչ ավարտ են ունենալու: Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն «վոթսափ»-ում կգտնենք «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը, կամ «կարո՞ղ է պայմանավորվենք էս նախկինների մասին նույն տեքստերը խոսել», «կարո՞ղ է պայմանավորվենք, որ արևմտյան հարթակն էլ մեզ պետք չէ», կամ «պայմանավորվենք, որ ռուսներն են մեղավոր», կամ «ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, թուրքերին՝ տաքացնում»: Մեկ էլ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստան, «կարո՞ղ է մի 6 մլրդ-ը թողեմ, կգաք, կվերցնեք ու առիթ կունենաք համայն աշխարհին հարցնելու, թե որտեղի՞ց էսքան զենք»,-ասաց Մկրտչյանը: