Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տարբերվել է նախորդ հանդիպումներից. նախորդներն անցել էին ջերմ, ուրախ մթնոլորտում, իսկ այս անգամ հանդիպումը թե իր ձեւով, ֆորմատով, թե բովանդակությամբ էապես տարբերվել է նախորդ հանդիպումներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է լրագրող Ոսկան Սարգսյանը: «Առաջին անգամ Ոսկեպարում մետաղորսիչ սարքեր են դրել, ինչպես օդանավակայանում: Հեռախոսներ եւս չեն եղել հանդիպմանը, եւ Նիկոլ Փաշինյանը կարող է հետագայում ասել՝ ես նման բան չեմ ասել, քանի որ միայն իր տեսանկարահանողն է եղել: Կարող է ասել՝ ինձ սխալ եք մեջբերել: Հանդիպումը սառը մթնոլորտում է անցել, ներկաների կեսը ոտքի չի կանգնել: Շատերի մոտ հարցեր են առաջացել Նիկոլ Փաշինյանին, բայց դրանց պատասխաններն ընդունելի չեն եղել ոսկեպարցիների համար: Մասնավորապես, այն, որ 4 գյուղերի տարածքներ հանձնվելու են, արդյոք Ադրբեջանը դրանով սահմանափակվելու է, թե նոր տարածքներ է ուզելու, արդյոք դա երաշխիք է, որ պատերազմ չի լինելու: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիք չէ, բայց հույս ունի, որ չի լինի պատերազմ: Ասել է, որ չտալու պատասխանը պատերազմն է, իսկ պատերազմի դեպքում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Փաստորեն, նա Թուրքիայի անունը տալով ոսկեպարցիների մոտ ներշնչել է այլընտրանքի բացակայություն, որ պետք է ստիպված տանք: