Դատախազը 2024 թվականի փետրվարի 20-ին հաստատել է անչափահասի նկատմամբ բռնություն կիրառած՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, 2023 թվականի ապրիլի 10-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժամը 23:30-ի սահմաններում, իրեն ամրակցված ավտոմեքենայով գնացել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկը և սենյակի վճարման հետ կապված հարցով վիճաբանության մեջ մտել վերոնշյալ համալիրի 17-ամյա մատուցողի հետ: